«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Կարծես եվրոպական և ասիական քաղաքակրթությունները միախառնված լինեն ձեզ մոտ»

«Կարծես եվրոպական և ասիական քաղաքակրթությունները  միախառնված լինեն ձեզ մոտ»
07.09.2012 | 11:32

«Իրատես de facto»-ն պատիվ ունի իր էջերում հյուրընկալելու աշխարհահռչակ ռեժիսոր Ագնեշկա Հոլանդին, ում «Օսկարի» հավակնորդ «Խավարում» ֆիլմն այս տարի ցուցադրվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» խորագրի ներքո:
Ֆիլմը պատմում է 2-րդ աշխարհամարտի տարիներին Լվովի կոյուղիներում նացիստական հաշվեհարդարից պատսպարված հրեաների դաժան փորձությունների և նրանց փրկելու առաքելությունն ակամա ստանձնած Լեոպոլդ Սոխայի բարոյական ինքնամաքրման ընթացքի մասին:

«ԻՆՁ ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԷԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ, ՔԱՆ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ»


-Տիկին Ագնեշկա, եվրոպական հեղինակային կինոն մշտապես հակադրության մեջ է հոլիվուդյան կինոինդուստրիայի հետ և դիտվում է իբրև բարձրարվեստ, «զտարյուն» մշակույթ: Այնուամենայնիվ, եվրոպացի կինոգործիչների կենսագրության մեջ կարևորագույն փաստ է համարվում Հոլիվուդում գրանցված հաջողությունը, ինչպես և Ձեր դեպքում է: Դուք կարծում եք, թե Հոլիվո՞ւդն է կինոաշխարհի այն բարձրագույն նշաձողը, որին ձգտում են աշխարհի բոլոր անկյուններում ստեղծագործող կինոգործիչները:
-Ես երբեք չեմ ձգտել Հոլիվուդ ընկնել: ՈՒղղակի իրենք ինձ հրավիրեցին, և ես գնացի: Ես չլքեցի Լեհաստանը, Լեհաստանը լքեց ինձ: Այդ պատճառով գնացի Ֆրանսիա, ապա Գերմանիա: Փորձում էի այդ երկրներում հաստատվել: Բայց ամերիկյան կինեմատոգրաֆիայի առավելությունն այն է, որ երբ նկատում են ինչ-որ հետաքրքիր մարդկանց, ինչ-որ հետաքրքիր գաղափարներ, անմիջապես ուզում են այդ ամենը վերցնել-ունենալ: Հոլիվուդում կարևոր է, որ մարդը տաղանդավոր լինի: Այս բաները հաշվի առնելով էր, որ ես գնացի Հոլիվուդ: Այնտեղ ինձ համար ավելի հեշտ էր ստեղծագործել: Ինձ Հոլիվուդում ավելի բարձր էին գնահատում, քան Լեհաստանում: Միայն հատուկ կարգի ռեժիսորներ են կարողանում աշխատել Հոլիվուդում, ռեժիսորներ, որոնք ունեն առանձնահատուկ նպատակներ, առանձնահատուկ ձգտումներ:


«ԵՍ ՀԱՐՑԵՐ ԵՄ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԵՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ՄՂՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԳՏՆԵԼՈՒ»


-Դուք ներկայումս նկարահանում եք ֆիլմ 1968 թվականին Չեխիայում կատարված արյունալի դեպքերի, Վացլավյան հրապարակում ինքնահրկիզված չեխ երիտասարդ ուսանողի` Յան Պալախի մասին: Ի՞նչ եք կարծում, արվեստի բարձր արժեքները, մասնավորապես` կինոն, ստեղծվում են մարդկային ու ազգային ողբերգությունների հենքի վրա՞ միայն, չե՞ն կարող մարդու բարօրությունը, երանելի վիճակները դառնալ ներշնչանքի նյութ լուրջ ստեղծագործողի համար:
-Իմ ստեղծագործությունները միայն ողբերգություններ չեն, կան նաև սիրո և հավատարմության մասին պատմություններ: Այնուամենայնիվ, ողբերգական կերպարների հետ ավելի հեշտ է աշխատել, հղկել, ուղղորդել դեպի այս կամ այն նպատակակետը: Ես հատուկ չեմ որոշում ողբերգություն նկարել, դրանք ինչ-որ տեղից գալիս ու գտնում են ինձ, թելադրվում են ինչ-որ կերպ: Ես էլ նկարում եմ:
-Անգամ գետտոյի ու կոյուղիների դժոխային իրավիճակներում Դուք սիրային եռանկյունու թեման եք ներկայացրել: Դա կյանքի անխուսափելիությունների՞ց է:
-Իմ լավ ընկերներից մեկը` Մարեկ Էդելմանը, շատ կոպիտ մարդ էր, բայց երբ խոսքը վերաբերում էր սիրուն, նա այլ մարդ էր դառնում, խրախուսում էր սեռական կյանքի նկարագրությունները ֆիլմում, եթե անգամ սյուժեն վերաբերում էր հոլոքոստին, գետտոյին, կոյուղիներին: Անգամ ամենաահավոր դրության մեջ գտնվող մարդուն չպետք է միայն տառապելիս ցույց տալ: Այդպիսի պահերին ավելի ես հասկանում, որ պետք է անպայման ինչ-որ մեկին սիրես: Այս մոտեցմամբ էլ ես նկարում եմ իմ ֆիլմերը:
-«Խավարում» ֆիլմի հերոսը` Լեոպոլդ Սոխան, նացիստների հաշվեհարդարից մի խումբ հրեաների փրկելու վտանգավոր գործողություններին զուգահեռ, վերափոխվում է հանդիսատեսի աչքի առաջ, նրա մեջ արթնանում են մարդկային բարձր հատկանիշներ: Այդ մանրախնդիր արարածը, այդ գողը քայլ առ քայլ ինքնամաքրվում է ուրիշների ողբերգությանն առնչվելու միջոցով: Դուք ցանկացել եք ասել, որ սա՞ է ինքնամաքրման ամենահավաստի ճանապարհը, այն անցնում է սեփական կամ մեկ ուրիշի տառապանքի միջո՞վ:
-Միայն տառապանքի միջոցով չէ, որ պետք է հասնել ինքնամաքրման: Երբ ես ստեղծում եմ իմ կերպարները, չեմ փորձում պատասխաններ տալ: Ես հարցեր եմ բարձրացնում և հանդիսատեսին եմ մղում պատասխաններ գտնելու:
-Ձեր աշխատանքը կինոխցիկի առջև ես նմանեցրի դիահերձողի աշխատանքին: Ինչպես դիահերձողն է սառնասրտորեն, առանց էմոցիաների կատարում իր ամենօրյա աշխատանքը, այդպես էլ Դուք էիք պատկերում մարդկային դժոխային ճակատագրերը` աներևակայելիորեն հավասարակշռված, առանց ավելորդ շեշտադրումների ու շտկումների, առանց շատախոսելու, բայց և առանց թերասացության, միևնույն ժամանակ` բարձր արվեստով: Այս ամբողջի համադրությունն ինչպե՞ս եք ստացել:
-Երբ տեխնիկական ինչ-որ աշխատանք ես կատարում, անկախ ամեն ինչից, պիտի սառնասիրտ լինես: Օրինակ, նայում ես այն կերպարին, որը պետք է իբրև դիակ հանդես գա, և եթե նա համապատասխանում է իրեն վերագրվող ֆունկցիային, համարում ես, որ ամեն բան կարգին է, ու շարունակում ես աշխատել: Բայց երբ ավարտվում է ֆիլմը, այդ կուտակված էմոցիաները քեզ խեղդում են: Սարսռում ես, երբ տեսնում ես, թե ինչ ես արել:
-Ձեր ֆիլմում տեսարան կար, որտեղ կոյուղում թաքնվող երեխան գունավոր նկարներ էր անում: Դա ինձ հիշեցրեց մեր ազգային ողբերգության մի դրվագ. Դեր Զորում հայ մայրերն իրենց երեխաներին ավազի վրա գրել էին սովորեցնում հայոց այբուբենի տառերը: Մեզանում սա պատմական փաստ է: Ինչպե՞ս է եղել հրեաների դեպքում: Դուք պատմական փա՞ստն եք էկրանավորել, թե՞ երեխայի նկարելու պատմությունը ռեժիսորական հորինվածք է:
-Ես եմ հորինել այդ պատմությունը: Բնական է, որ նման պայմաններում երկար ժամանակ գտնվող երեխաները պիտի ինչ-որ բանով զբաղված լինեին, և իմ ստեղծագործական երևակայությունն ինձ հուշեց նկարել նման տեսարան, որում երեխաները գունավոր մատիտներով նկարում են, կռվում իրար հետ մատիտները խլելու համար: Սա հորինվածք է:
-«Խավարում» ֆիլմում հնչում է վրացական հայտնի երգը` «Սուլիկոն»: Կովկասից այդքան հեռու տարածքում` լվովյան նացիստների պանդոկում, ինչո՞ւ է հայտնվել հատկապես այդ մեղեդին: Նույն այդ «Սուլիկոյի» թեման հպանցիկ հնչում է նաև Ձեր «Եվրոպա, Եվրոպա» ֆիլմում: Փաստորեն, սա պատահականություն չէ:
-Իհարկե, պատահական ոչինչ չկա: Ես «Սուլիկոյի» մեղեդին եմ ընտրել, որ ցույց տամ սովետական ազդեցությունն այդ ժամանակաշրջանի վրա: Իսկ քանի որ Սովետական Միությունը նույնացվում էր Ստալինի հետ, նա էլ ազգությամբ վրացի էր, ուստի ես պատճառաբանված եմ համարում այդ երգի օգտագործումն իմ ֆիլմերում: Պարտադիր չէր, որ մեղեդին կապված լիներ Լվովի կամ եվրոպական միջավայրի հետ, կարևորն այն էր, որ կապվեր Սովետական Միության և Ստալինի հետ:

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՊԱՏԻՎ Է ՍՏԱՆԱԼ ՄԻ ՄՐՑԱՆԱԿ, ՈՐԸ ԿՐՈՒՄ Է ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՆՈՒՆԸ»


-Դուք համագործակցել եք Քշիշտոֆ Կեսլյովսկու հետ` «Երեք գույն» եռապատումն ստեղծելու ընթացքում: Այս երեք պատմություններից, երեք գույներից որի՞ գերակայությունն եք նախընտրում կյանքում:
-Ինձ համար բոլոր գույներն էլ նախընտրելի են, ես բազմագույն մարդ եմ, բայց եթե ընտրություն անելու առիթ ծագեր, կնախընտրեի կարմիրը:
-Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնն իր բարձրագույն պարգևին` «Փարաջանովյան թալերի» արժանացրեց երեք աշխարհահռչակ ռեժիսորների` Ձեզ, Վիկտոր Էրիսեին և Էլդար Շենգելայային: Ձեր բազմաթիվ պատկառելի կինոմրցանակների շարքում ի՞նչ տեղ կզբաղեցնի երևանյան կինոփառատոնի այդ մրցանակը:
-Իմ ստացած բոլոր մյուս մրցանակները մեծ են ու տգեղ: Սա ամենագեղեցիկ մրցանակն է, որ երբևէ ստացել եմ: Դա իրոք հաճելի զգացողություն է հաղորդում կինոյի մարդուն: Փարաջանովն ինքը շատ վառ անհատականություն էր համաշխարհային կինեմատոգրաֆիայի մեջ: Ինձ համար մեծ պատիվ է ստանալ մի մրցանակ, որը կրում է Փարաջանովի անունը: Սա ինձ ուրախություն է պարգևում, ինչ-որ առումով զվարճալի մրցանակ է:
-«Փարաջանովյան թալերի» անցյալ տարվա դափնեկիր Բելա Տարը պատմում էր, որ Եվրոպական կինոակադեմիայի համաժողովում հանդիպել է Փարաջանովին, Ձեզ նման տեսել է նրան Ռոտերդամի փառատոնի ժամանակ: «Նա այնպես էր քայլում, կարծես թագավոր լիներ, կարծես մի հսկա նավ լիներ, որ շարժվում էր առաջ»,- բնութագրում էր Տարը Փարաջանովին: Ձեր հիշողության մեջ Փարաջանովը դաջվել է իբրև մի մարդ, որն անվերջ նարինջներ էր խժռում: Իսկ ինչպիսի՞ք են տպավորությունները նրա ֆիլմերից:
-Ես Փարաջանովի հետ շատ կարճ ժամանակ եմ շփվել, և այնպես չէ, որ նրա կերպարից իմ ստացած տպավորությունը գլխավորապես նարինջներ խժռելու հետ է կապվում: Պարզապես շատ աչքի զարնող, արտասովոր տեսարան էր, որ մորուքավոր այդ մարդն անընդհատ նարինջ էր խժռում: ՈՒ իմ մեջ մնացել է այդ հիշողությունը: Բայց Փարաջանովի անձը, բնականաբար, սրանով չի բնորոշվում: Նրա ֆիլմերը շատ վառ են, գեղեցիկ ու մեծապես ներշնչում են դիտողներին:
-Ի՞նչ եք հասցրել տեսնել Հայաստանում: Ինչի՞ց եք գոհ, ինչի՞ց` դժգոհ:
-Շատ տարբեր զգացողություններ եմ ունեցել Երևանում: Մենք քայլում էինք Կասկադով, ու ես անընդհատ լուսանկարներ էի անում: Հետո եղանք Փարաջանովի թանգարանում, որտեղ նույնպես լուսանկարներ արեցի: Դրանք ուղարկեցի աղջկաս, ու նա նկատեց, որ այնքան էլ մեծ տարբերություն չկա Երևանի և եվրոպական քաղաքների միջև: Ինչը ինքս էի մտածում: Բայց միևնույն ժամանակ ես այստեղ զգում եմ արևելքի շունչը: Կարծես եվրոպական և ասիական քաղաքակրթությունները միախառնված լինեն ձեզ մոտ: Եվ սա շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում ինձ համար: Այս ամենը շատ հոգեհարազատ է ինձ:
-Մեզ համար միջազգային կինոփառատոնը մեծ երևույթ է թվում: Արդեն ինը տարի մենք հետևում ենք դրան, ապրում դրանով, հնարավորինս նպաստում մեր աշխատանքով դրա լուսաբանմանը: Ինչպե՞ս է ներկայանում «Ոսկե ծիրանը» Ձեզ` մեծ կինոաշխարհից եկած մարդուն:
-Ցանկացած միջազգային կինոփառատոն ցանկացած երկրում պայթյուն է: Եթե շատ ես սիրում կինոարվեստը, կազմակերպում ես փառատոն: Ես տեսնում եմ «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներին, նրանցից ոմանց ծանոթ եմ եղել մինչև Երևան գալս: Վստահեցնում եմ, որ նրանք իրենց գործի մեջ են, իրենց տարերքի մեջ են, սիրում են այն գործը, որով զբաղվում են: Բայց լիարժեք կարծիք հայտնել փառատոնի մասին չեմ կարող, որովհետև չեմ հասցրել շփվել հանդիսատեսի հետ: Իսկ հանդիսատեսը կարևոր բաղադրիչներից մեկն է փառատոնը գնահատելու հարցում: Ես երեք բաղադրիչ եմ առանձնացնում` կազմակերպիչները, ընտրված ֆիլմացանկը և հանդիսատեսը: Առաջին երկուսը միանգամայն բարձր գնահատականի են արժանի, իսկ հանդիսատեսի մասին չեմ կարող որոշակի բան ասել: Կցանկանայի Ձեր կարծիքն իմանալ:
-Ես շատ ուրախ եմ, որ մեր իրականության մեջ կա այս փառատոնը, և հայ հանդիսատեսի մեջ ձևավորվում է փառատոնային մշակույթը: Թերևս այսքանը, քանի որ սա հարցազրույց է Ձեզ հետ, և ես չեմ համարձակվում այն ծառայեցնել սեփական կարծիքս ներկայացնելու նպատակին, ուստի կխնդրեի պատասխանել վերջին հարցին: Ֆիլմի ցուցադրությունից առաջ կատակեցիք. «Խնդրում եմ անջատել բջջային հեռախոսները, միևնույն է, կոյուղիներում դրանք չեն աշխատում»: Փաստորեն, բջջային հեռախոսներն անջատել-չանջատելու խնդիրը կա նաև Արևմուտքո՞ւմ:
-Այո, Արևմուտքում էլ կա այդ խնդիրը: Ես շատ դրական եմ վերաբերվում բջջային հեռախոսներին, հրաշալի է ամենուր ձեռքիդ տակ կապ ունենալ, հատկապես գնահատելի է, երբ ինչ-որ անծանոթ վայրում ես, ու կա մոլորվելու վտանգը: Բայց չպետք է այս ամենը հանգեցնի կախվածության, դա սահմանափակում է մարդուն: Մի անգամ Մոսկվայում կինոփառատոնի էի մասնակցում, ժյուրիի անդամները ճաշկերույթի էին հրավիրված մշակույթի նախարարի մոտ: Նրանք անընդհատ խոսում էին բջջայիններով և ուղղակի մոռացել էին, թե ինչ է կենդանի հաղորդակցությունը միմյանց հետ: Դա ինձ համար շատ պրիմիտիվ երևույթ է: Մեծ էկրանին կինոցուցադրության ժամանակ բջջային հեռախոսների միացված լինելը կարող է արդարացված լինել միայն երկու դեպքում. երբ ինչ-որ տեղ մարդ է մահանում կամ ծնվում: ՈՒրիշ պատճառ չեմ տեսնում կինոսեանսի ժամանակ բջջայինները միացրած թողնելու համար:

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ